Արվեստասեր

Home » Հեղինակներ. չափածո և արձակ » Սոնա Վանյան » Սոնա Վանյան. Եղևնուկը

Սոնա Վանյան. Եղևնուկը

Եղևնուկը

– Մա՛մ, այն ի՞նչ գործիք է այն քեռու ձեռքին,-փոքրիկ եղևնին էր, որ դեռ նոր-նոր էր կարողանում ոտքերի վրա կանգնել և տեսնել շուրջբոլորը՝ իր նման մեծ ու փոքր եղևնիներին, անտառի մյուս գեղեցկուհիներին: Նա շատ հետաքրքրասեր էր, ինչպես բոլոր այդ տարիքի երեխանները և իրենց ամենատարօրինակ հարցերով փորձում են մեծահասակներից ճշտել աշխարհում տեղի ունեցող տարատեսակ երևույթների պատմությունները և երբեմն էլ տալիս են այնպիսի հարցեր, որոնք երբեմն պատասխան չունեն:
– Փոքրի՛կ, այդ գործիքը կոչվում է սղոց, այն նախատեսված է փայտեր, ծառեր կտրելու համար,- պատասխանեց մայր եղևնին՝ չարաղետի գուշակումը աշխատելով ամեն կերպ վանել մտքերից:
– Իսկ ինչո՞ւ է նա այդպես նայում մեզ, մենք իրեն ի՞նչ ենք արել,-եղևնու ձագը դեռ շարունակում էր անհանգստանալ:
– Նա զմայլված նայում է մեզ, որովհետև ի տարբերություն անտառի մյուս բնակիչների մենք ամենագեղեցիկն ենք, թիկնեղ ենք, ու մշտականաչ,-կոտրված սրտին ժպիտե կերպար նկարեց և մայրական գորովագութ հայացքով գրկեց հետաքրքասեր զավակին, ասես նա զգում էր իր մոտալուտ վախճանը:
– Մայրի՜կ, նայի՛ր այն ատամնավոր, զզվելի գործիքը պահել են ինձ վրա, ես վախենում եմ, փրկի՛ր ինձ մայրի՛կ,-Եղևնուկի անպաշտպան ձայնը մորը թևաթափ արեց, նա շատ լավ գիտեր, որ եկող քեռիները ամենևին էլ բարի նպատակներ չունեն և չեն եկել իրենցով հիանալու:
– Փակի՛ր թևերդ, գլու՛խդ կախիր, աշխատի՛ր աննկատ մնալ,-խորհուրդ տվեց փորձառու Եղևնին և ինքը էլ ավելի փարթամ բացեց թևերը, բայց զգալով, որ մենակ անկարող է գայթակղել մարդկանց՝ օգնության կանչեց հին բարեկամ քամուն: Ուժեղ քամի բարձրացավ և մայր Եղևնին ամբողջ մարմնով խոնարհվեց զավակի վրա՝ աշխատելով նրան պաշտպանել ցրտից և մարդկանց տեսադաշտից թաքցնել:
– Մրսում եմ մա՛մ,-Եղևնուկի ձայնը, գրեթե, չլսվեց, բայց տակնունվրա արեց մոր ներաշխարհը, նա գիտեր, որ հրաժեշտի պահը մոտ է և նրանցից մեկին տանելու են: Երկու օր անց Ամանոր է, նրանք պետք է ուրախացնեն իրենց երեխաններին և բոլորովին չմտածեն այն մասին, որ իրենց այդ տոնի հյուրն էլ երեխա ունի, որին ուզում է իր աչքի առաջ մեծացնել, նրա հաջողություններով ուրախանալ:
– Այս փոքրիկը շատ անուշիկն է, Գեղա՛մ արի հենց սրան էլ կտրենք,-ասեց հաղթամարմին այն տղամարդը, որ կանգնած էր եղևնիներից մի քանի քայլ հեռու:
– Տե՛ս է փոքրիկ է, բայց ինչքա՜ն փայլուն ու թարմ են թևիկները, որ տանենք տուն երեխաներս շատ կուրախանան, մի քիչ էլ կզարդարենք կդառնա արքայադուստր,-փորձեց կատակել ընկերը և այնուամենայնիվ շարունակեց աչքերը պտտեցնել անտառով մեկ՝ ավելի հաջող զոհ գտնելու տենդագին տենչով և կողքին ընկերոջը չհանդիպելով անհանգստացած ձայնեց,-ու՞ր կորար Գեղա՛մ:
– Այստե՜ղ եմ, եմ… եմ…ե…մ…,- անտառով մեկ լսվեց Գեղամի արձագանքը, որը գլխարկն էր փնտրում ձյուների մեջ:
– Քեզ ի՞նչ եղավ այ եղբա՜յր, այդ ի՞նչ ես կորցրել,-նրան հասնելով մի կուշտ ծիծաղեց:
– Չեմ կորցրել, գտել եմ, գտել, ապա արի՛ տես ի՜նչ մեծ ու ամուր եղևնի է,-հիացած հայացքը մայր Եղևնուն հառելով խոսեց Գեղամը,-այս կողմերով անցա գլխարկս թևով տվեց-գցեց ու կարծես նշան լիներ, որ հենց իրեն տանենք:
– Դե իրեն էլ կտանենք, բե՛ր կտրենք,-գրեթե միաբերան ասեցին ընկերները և շտապ անցան գործի:
Մայր Եղևնուն կտրում էին իր մայր հողից, նա էլ չէր տեսնի այգաբացն ու մայրամուտը, չէր հանդիմանի կամակոր քամուն, չէր զարթնի արևի համբույրից, այլևս չէր տեսնի իր հարցասեր Եղևնուկին, որը նոր-նոր էր հասակ առել և փորձում էր ճանաչել զարմանահրաշ աշխարհը, ով կպատասխաներ նրա հարցերին, նրան ինչպե՞ս բացատրեր, որ արևաշող երկնքի տակ ապրողներն ամենևին էլ բարի ու սրտացավ մարդիկ չեն, կտրում և անխնա փչացնում են բնությունը, իսկ փոխարենը բնությունը առատորեն վարձատրում է նրանց: Ինչպե՞ս կարելի է մի քանի օրվա համար բնությունը թևատել, զրկել գեղեցկությունից և ամայացնել անտառը, այս ամենը դեռ ոչինչ, ինչպես կարելի է մորը զավակից բաժանել, զավակին մորից, ախ չէ՞ որ իրենք էլ իրենց ընտանիքներն ունեն, իրենք էլ ուրախանալ ու տխրել գիտեն, ցավ են զգում, լաց են լինում…
Տխուր մտքերի շրջապտույտը ընդմիջվելով մարմնի մղկտոցներին անասելի խոցում էին, սաստիկ ցավ պատճառում, բայց դիմանում էր, դիմանում էր, որովհետև դրանք այն վերջին վայրկյաններն էին, որ կարող է որդուց կարոտը առնել, բայց այս ցավը դեռ տանելի էր, ի՞նչ կլիներ իր վիճակը, եթե Եղևնուկին սղոցեին և հենց իր աչքի առաջ զավակին ուշաթափ տանեին անտառի փշոտ եզրերին քսելով դեռափթիթ աչքունքը:
Գեղեցիկ ու թանկ հիշողություններ կային այստեղ, այստեղ է արդեն յոթ տարի, շատ բան է տեսել, հազար փորձություն է գլխով անցել, բայց ոչ մեկը չես համեմատի մոր ու զավակի, բաժանման հետ, դա աններելի ու անտանելի կսկիծ է:
– Ո՞ւր ես գնում մա՛մ, ինչու՞ ես օրորվում, այս ի՜նչ ձայներ են գլուխս գնաց,-Եղևնուկը, որ փոքրիկ աչուկներով զննում էր մե՛րթ տեղանքը, մե՛րթ այդ երկու տղաներին չէր հասկանում՝ ի՞նչ է կատարվում:
– Լռի՛ր Եղևնուկ, արդեն ուշ է քնի՛ր, փակի՛ր աչքերդ,-լսվեց մոր ծանր հևոցը, որը գուցե վերջին ճիչն էր մահից առաջ:
– Դու ինձ ասել ես, որ պետք է քնել այն ժամանակ, երբ արևը մայր է մտնում և գիշերը տարածում է իր սև թիկնոցը, հիմա դեռ ցերեկ է, ինչու՞ քնեմ,-զարմացած հայացքը վեր բարձրացրեց, բայց էլ պատասխան չստացավ, միայն այնտեղ աչքերը բացեց, երբ մայրը արդեն ընկել էր ուղիղ իր դիմաց, ընկել էր անօգնական ու անժպիտ:
Մարմինը անսովոր ջերմություն զգաց, փոքրիկ սիրտը կծկվեց և ասես վրայից ծանր-ծանր քարեր կախեցին, նա հետո հասկացավ, որ այդ ստացած ջերմությունը մոր վերջին համբույրն էր ու գրկախառնությունը հրաժեշտից առաջ…

Հեղինակ՝
Սոնա Վանյան

Հեղինակի հայտի տեսքը (Screenshot)` Ֆեյսբուքում, «Հանուն Բնության» գրական մրցույթին մասնակցելու նպատակով

______________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ. Սույն ստեղծագործությունն ընդգրկված է «Հանուն Բնության» գրական մրցույթում և ներկայացված է մրցույթային և քվեարկության հետևյալ էջում:

ՆՎԵՐ «ԱՐՎԵՍՏԱՍԵՐԻ» ԿՈՂՄԻՑ. Բնությանը ձոնված ստեղծագործության համար, «Արվեստասեր» ստեղծագործական բլոգ-կայքը՝ որպես ստեղծագործական խրախուսանք հեղինակին, այսուհետև սիրով բաց է անում նրա անվանական բաժինը սույն կայքում՝ հետագա ստեղծագործությունների ներկայացման համար:

ՆՇՈՒՄ. Հարգելի Սոնա Վանյանն իր անհատական բաժինը «Արվեստասեր» կայքում ունի դեռ 2016 թ. մարտ ամսից և հանդիսանում է «Արվեստասերի» ընթերցողների սիրված հեղինակներից մեկը:

Լավագույն մաղթանքներով՝
Առլեն Շահվերդյան

Գրող, «Հանուն Բնության» գրական մրցույթի հեղինակ, «Արվեստասեր» ստեղծագործական կայքի հիմնադիր


Leave a comment

ԲԱԺԻՆՆԵՐ

Այցելություններ աշխարհից

Flag Counter

ԷՋԱԴԻՏՈՒՄՆԵՐԸ՝ ՍԿՍԱԾ 2015 Թ. Դեկտեմբերից

  • 26,264 совпадения