Արվեստասեր

Home » 2017 » August

Monthly Archives: August 2017

Ջեննի Բալյան. Տղերքը հիմա դիրքեր են գնում

Հայ զինվոր: © Լուսանկարի հեղինակ՝ Սիփան Գյուլումյան: ՀՀ Պաշտպանության նախարարություն
Armenian Soldier. © Photo by Sipan Gyulumyan. MoD, RA

***

Տղերքը հիմա դիրքեր են գնում,
Մեկը ափի մեջ կարոտն է սեղմել
Ու տանում իր հետ, որ գիշերը իր
Հուշերով անցնի…
Մեկը իր սերն է փաթաթված տանում,
Մեկի կոպերին հույզեր կան խեղդված,
Տղերքը այսօր դիրքեր են գնում,
Ու սեր են տանում, որ բարձունքներում
Մեր այն ահռելի, ժայռերի ներսում
Միշտ արձագանքվի մեղեդին սիրո,
Նրանք գնում են, որ վերադառնան,
Նրանք գնում են, որ այստեղ մարդիկ
Քուն մտնեն անհոգ…
Տղերքը հիմա դիրքեր են գնում,
Միշտ են գնացել, ուղղակի
Մի օր այնպես պատահեց,
Որ մի քանիսը Չվերադարձա՛ն,
Ուղղակի մի օր այնպես պատահեց,
Որ նրանց հոգին բարձունքում մնաց…
Հիմա ժայռերի այն գագաթներին
Արծիվ են դարձել, ու հսկում սահմանն.
Հիմա մենք պետք է հավատ ուղարկենք,
Որ խրամատներում կանգնած տղերքի
Հողը կանաչի սպասումներից,
Հիմա մենք պետք է կարոտներ հյուսենք,
Սպասում գծենք, որ բազկի ուժը
Հանկարծ չհատնի…

Բանաստեղծության հեղինակ՝
Ջեննի Բալյան

© Հեղինակային իրավունքները պաշտպանված են, «Արվեստասեր», 2017 թ.

Ջենիի Բալյան. Ե՛տ արի այսօր

Ե՛տ արի այսօր, 
Թող գիշերները ծերանան թեկուզ, 
Բայց դու ետ արի՜… 
Աստղերը ճաք տան,
Ու միլիարդավոր երազներ հյուսվեն
Երկրի վրա, 
Թող երկինքներում պատերազմ լինի՝
Բազում գիսաստղեր առանց քեզ մնան,
Ու պատմության մեջ մի նոր 

Պատմություն ժպիտիդ գույնով
Քարտեզներ գծի
Այն ապագայի աչքերի համար… 
Լռությամբ արի՛, դատարկ ճիչերից
Հոգնել եմ վաղուց, 
Շնչահեղձ եղած այն կարոտներից
Անգիր եմ արել մի ճշմարտություն, 
Որ իրականի ու անիրականի 
Մեջտեղում հաստատ կա մի չգրված
Երկա՜ր պոեզիա, 
Որի տողերում անվերջությունն է,
Տողատակերում՝ անվերջանալին… 
Ե՛տ արի այնպես, ասես երբեք էլ
Ոչինչ չէր եղել, 
Ասես օրերը ժամ չեն ունեցել, 
Ու մայրամուտը աչքերիս ներսում 
Գիշեր չի լցրել, ու չի՛ ցրել և
Խեղդված կարոտ, 
Ու երբեք, երբե՛ք մայրումտներում
Ինձ չեմ կորցրել… 
Ետ արի ու տե՛ս,
Որ հեքիաթից եմ ես այսօր եկել, 
Կարմիր վարսերով այն գիժ աղջկա
Դեռ մինչև հիմա ավարտ չունեցած
Այն հին հեքիաթից… 
Մինչ դու կհաշվես մեկ, երկու, երեք, 
Ու կհաշտվես իրականության 
Տաք ձեռքսեղման հետ՝
Ես արդեն բազում տողեր կգրեմ
Իմ ու քո չեղած պատերազմների
Ու գիսաստղերի պարտության մասին…
Ե՛տ արի հիմա, 

Քանի լուսինը կամուրջ չի ձգել
Անիրականի ու իրականի 
Մեջտեղում ընկած տարածության մեջ… 
Թե չէ ցնորքի ու իրականի գրկախառնումից
Կծնվի մի նոր, 
Մի նո՛ր ժամանակ…

Բանաստեղծության հեղինակ՝
Ջեննի Բալյան

© Հեղինակային իրավունքները պաշտպանված են, «Արվեստասեր», 2017 թ.

Ջեննի Բալյան. Մի քիչ էլ մնա՛ գիժ ցնորքներիս հորինվածքներում

Մի քիչ էլ մնա՛ գիժ ցնորքներիս
Հորինվածքներում,
Որ չմերկանան նույն ցնորքներս
Գրողի տարած այս ժամանակի
Սակավությունից,
Մի քիչ էլ մնա՛ այս համատարած
Մահահոտ փչող իրականության
Սուր ճիրաններում,
Որ կարողանամ դուրս գալ այնտեղից…
Մինչ ես կքայլեմ դժոխքի միջով՝
Մի տեղ ինձ համար դրախտ նկարիր,
Որ հոգնած արդեն խզբզանքներից,
Սիրտս ես փռեմ անձրևի առաջ՝
Այն լվանալու հաստատ որոշմամբ…
Հետո հագցրու ճերմակ զգեստս,
Ու սև վարսերս փռած արևին՝
Հրի՛ր ինձ առաջ…
Մի քիչ էլ մնա հույսերիս ողորկ
Կածանների մեջ, որ կարողանամ
Այս փոքր տրված ժամանակի մեջ
Ապրել մի փոքր,
Որ փորձեմ ապրել այս խելագարված
Ժամանակի հետ, որ միշտ լափում է
Մեզնից ինչ-որ բան,
Ու գողանում է մե՛զ հենց մեզանից…
Մինչ ես կհաղթեմ
Իմ ներսում ապրող ցնցոտիներով
Այն որբ մնացած վերջին հավատքին՝
Դու իմ այսօրը ծիծաղով լցրո՛ւ.
Ես այսօրվա մեջ տանուլ եմ տվել
Հույսերս բոլոր,
Մի խղճուկ, տկար խաղամոլի պես
Վերջին հույսերս տանուլ եմ տվել
Իմ իսկ մտքերի այս կազինոյում,
Որտեղ բաժանված խաղաքարտերը
Իմ օգտին չէին,
Որտեղ եռռում էր թուլությունը սին…
Իսկ գալիքներում տագնապ կա ինչ-որ՝
Ուրվականի պես անտես ու աննյութ,
Բայց սարսռեցնող…
Մի քիչ էլ մնա՛ այս ժամանակի
Կարճ կտորներում,
Որ անժամանակ կորուստների հետ
Փորձեմ հարմարվել.
Մնա՛ մի փոքր, որ չհաշտվեմ բացակայիս հետ…

Բանաստեղծության հեղինակ՝
Ջեննի Բալյան

© Հեղինակային իրավունքները պաշտպանված են, «Արվեստասեր», 2017 թ.

Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը»՝ «Գրքամոլ» ակումբի անդամների մեկնությամբ

Հուլիսի 22-ին «Գրքամոլ» ակումբի երրորդ խմբի անդամներն հավաքվել էին Երևանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանում։ Քննարկման առարկան այս անգամ «Ընթերցողն» էր՝ գերմանացի իրավաբանական գիտությունների պրոֆեսոր և դատավոր Բերնհարդ Շլինկի վեպը՝ տպագրված Գերմանիայում (1995 թ.) և ԱՄՆ-ում (1997 թ.)։ Քննարկումն անցավ բուռն ու հագեցած մթնոլորտում։ Բոլորն ընդգծեցին պատմության իսկականությունը, հասարակության մեջ թաքնված հանճարն ու կենցաղի կատարյալ արտացոլումը։ Առանձնացվեց նաև գլխավոր հերոսուհին` որպես ազդեցիկ, միաժամանակ, նաև անզոր ու բնազդներով առաջնորդվող կերպար, նշվեց ստեղծագործության թեմատիկ յուրահատկությունը։ Վեպի մոտիվներով ֆիլմի դիտումը ապացուցելու եկավ ստեղծագործական հանճարը և իր ուրույն ներբերումն ունեցավ քննարկման տրամադրության մեջ: Ներկաները փաստեցին, որ ֆիլմն արժե դիտել, հատկապես, գիրքն ընթերցելուց հետո։

Աղբյուրը՝ Grqamol.am – http://grqamol.am/akumb/xumb-errord/yntertsoghy/

© «Արվեստասեր», 2017