Արվեստասեր

Home » Խմբագրի կողմից

Խմբագրի կողմից

«Արվեստասեր» ստեղծագործական հարթակում ներկայացված բոլոր հարգելի հեղինակներին, ընթերցողներին և, ընդհանրապես, արվեստ ու գրականություն սիրող բոլոր բարեշնորհ մարդկանց

Սիրելի՛ բարեկամներ, ես սրտանց ուրախանում եմ, որ իմ հիմնադրած «Արվեստասեր» ստեղծագործական հարթակում կարողանում եմ հնարավորինս սատարել ու քաջալերել ստեղծագործողներին, հատկապես՝ երիտասարդ հեղինակներին, նույնիսկ այն մարդկանց, ովքեր իրենց ստեղծագործող չեն համարում և չեն էլ հավակնում կոչվելու այդպիսին ու արարում են հոգու պահանջով: Նրանցից շատերի համար առաջին անգամ հրապարկվելը մեծագույն ուրախություն է, իսկ համար էլ ուրախալի ու պատվաբեր է, որ հեղինակների շատերն իրենց գործերը առաջին անգամ հրապարակել են հենց «Արվեստասերում»: Ես անչափ ուրախանում եմ, երբ կարողանում եմ պարգևել ստեղծագործողին հրապարակվելու այդ բերկրանքը, երբ ապահովում եմ նրա ասելիքը ընթերցողների համար լսելի դարձնելը: Դրանից ինքս հոգով բերկրանք եմ ապրում: Իմ համեստ ջանքերով և մեծ նվիրումով փորձում եմ որքան հնարավոր է օգտակար լինել իրենց ստեղծագործությունների հանրահռչակման հարցում: Մեծ խնամքով ու գորովանքով եմ վերաբերվում ցանկացած հեղինակի գործին, հարգում ու գնահատում եմ յուրաքանչյուր գործի տառն ու ոգին: Երբեմն խմբագրում եմ գրական նյութը, եթե կարիք կա կամ հեղինակին տալիս եմ օգտակար խորհուրդներ՝ իր ստեղծագործությունն ավելի անթերի դարձնելու համար: «Արվեստասերում» կան կանոններ, որոնք անխտիր կերպով պահպանվում են, և այդ նպատակով մշտապես անհատական աշխատանք եմ տանում յուրաքանչյուր հեղինակի հետ, որպեսզի իր գործը այս հարթակում ներկայացվի առավելագույնս պատշաճ կերպով: Առանձնակի հաճելի պրոցես է հեղինակի ստեղծագործությանբ նյութի պատրաստումը, ներառյալ՝ ստեղծագործությանը համապատասխան նկարի ընտրությունը, որն ինձ համար մի առանձին ստեղծագործական ու գրավիչ պրոցես է: Իմ ընտրությամբ նկարների կիրառությունն առ այսօր արժանացել է բոլոր հեղինակների մեծ հավանությանը, նրանք վստահում են իմ ճաշակին ու խոսքին: Այդ վստահությունը փոխադարձ է, հարգում, վստահում ու գնահատում եմ բոլոր հեղինակներին՝ սկսնակ թե կայացող, արդեն կայացած, թե զուտ սիրողական մակարդակի: Մենք ունենք բազմաթիվ տաղանդավոր ու հետաքրքիր ստեղծագործողներ, որոնց շատ գրական գործեր դեռ կարդացված չեն, շատ երգեր դեռ լսված չեն, ձեռքի շատ աշխատանքներ դեռ գնահատված չեն, և պետք է աջակցել նրանց, որպեսզի նրանց ձայնն ու ասելիքը հասնի ընթերցողներին, արվեստասերներին: Այդ զգայուն ու կարևոր ճանապարհին հեղինակը ոչ միայն ոգևորվում է, այլև ձգտում ինքնակատարելագործման, ավելի է աշխատում իր վրա ու հաջորդ անգամ ներկայանում նորովի, նոր ու ավելի բարձր որակի աշխատանքով: Որպես արդյունք՝ «Արվեստասերը» ինքն էլ ներկայանում է ավելի որակյալ ստեղծագործություններով՝ լսարանի համար ապահովելով նոր մակարդակ: Հետևաբար՝ հիմնավոր կերպով հեղինակին սատարելը նպաստում է նրա որակին, նրան քաջալերելը խրախուսում ու հորդորում է աշխատելու ավելի պատասխանատու, ավելի եռանդուն ու հետևողական կերպով, իսկ հեղինակի համար այդպիսի նպաստավոր պայմաններ ու միջավայր ստեղծելը զարգացնում է ոչ միայն նրան, այլև ստեղծագործական միջավայրն ընդհանրապես:

Ես ուրախ եմ, որ «Արվեստասերը» այսօր մեծ ճանաչում ու տարածում ունի ընթերցողների շրջանում ու վայելում է նրանց հարգանքը: Դժվար է արժանանալ ընթերցողի վստահությանը և վայելել նրա հարգանքը, իսկ երբ հասնում ես դրան, դա պարտավորեցնող է ու պատվաբեր: «Արվեստասերն» այսօր հպարտությամբ կարող է փաստել, որ ունի ընթերցողների մեծ բանակ, մարդիկ, ովքեր ամեն օր որոնք սիրով հետևում են կայքին, դրանում ներկայացված բարեշնորհ հեղինակներին, նոր հրապարակումներին:

Հատկանշական է, որ «Արվեստասեր» հարթակը սիրով համագործակցում է ինչպես առանձին հեղինակների, այնպես էլ գեղարվեստական գործունեությամբ զբաղվող տարբեր ընկերակցությունների հետ: Օրինակ, արդեն երկար ժամանակ է, ինչ սերտ, արդյունավետ ու բարեկամական համագործակցություն է ծավալվել «Արվեստասերի» և «Գրքամոլ» նախաձեռնության միջև: «Արվեստասերը» սիրով լուսաբանում է «Գրքամոլ» գրական ակումբի կողմից կազմակերպվող գրական միջոցառումները, գրական հետաքրքիր քննարկումները:

«Արվեստասերը» սիրով համագործակցում է նաև «Հայկական աշխարհագրական նախագծի» հետ՝ ուղիղ հղումով ներկայացնելով նախագծի շնորհակալ և նվիրական գործունեությունը:

Սերտ ու գեղեցիկ համագործակցություն է ծավալվել նաև «Արվեստասեր» և իմ հեղինակած «Հանուն Բնության» գրական-բնապահպանական մրցույթի վեց հաղթողների միջև, ինչը «Հանուն Բնության» գրական մրցույթի հրաշալի արդյունքներից մեկն է: Բանն այն է, որ մրցույթի ամբողջ ընթացքում մասնակիցների ստեղծագործությունները ներկայացվեցին «Արվեստասերում»: Ավելին, Բնությանը ձոնված ստեղծագործության համար, «Արվեստասերը»՝ որպես ստեղծագործական խրախուսանք, մրցույթի յուրաքանչյուր մասնակից հեղինակի համար սիրով բաց արեց նրա անվանական բաժինը կայքում՝ հետագա ստեղծագործությունների ներկայացման համար: Մրցույթից հետո տևական ժամանակ է, ինչ «Արվեստասերը» սիրով ներկայացնում է այս տաղանդավոր հեղինակների այլ ստեղծագործությունները ևս:

Սիրելի բարեկամներ, շնորհակալություն բոլորիդ Ձեր վստահության և հարգանքի համար, այն փոխադարձ է: Դուք մշտապես իմ և «Արվեստասերի» կողքին եք ու դա շոյիչ է ու պատվաբեր: Ես Ձեր կողմից գրեթե ամեն օր ստանում եմ գոհունակությամբ լի գնահատանքի ու երախտագիտության խոսքեր «Արվեստասերի» հասցեին, ինչը մեծապես ոգևորում է: Այս նախաձեռնությունը հանուն հեղինակի է ու ընթերցողի, քանի որ շահում են երկուսն էլ, ինչը «Արվեստասերի» հաջողության գրավականն է: Շնորհակալություն, որ տարածում եք հեղինակների հղումները, դրանով Դուք Ձեր նպաստն եք բերում նրանց հանրահռչակման հարցում: Շարունակեք որքան հնարավոր է շատ կիսվել Ձեր նախընտրած ստեղծագործությունների հղումներով, թող «Արվեստասերում» տեղ գտած աշխատանքները ծանոթ լինեն ավելի մեծ ու նորանոր լսարանների: Միասին ամեն բան անենք՝ մեր հայրենակից տաղանդավոր ստեղծագործողներին սատարելու ու ճանաչելի դարձնելու համար:

Հարգանքով՝
Առլեն Շահվերդյան​
Գրող, «Արվեստասեր» բլոգ-կայքի հիմնադիր-հեղինակ և խմբագիր

22.10.2017

Գրական բլոգ-կայք՝ Arlenshah.wordpress.com
Ֆեյսբուք՝
  The author’s Facebook page
Թվիթեր՝  The official page on Twitter
Յութուբ՝  The author’s official channel on YouTube

_____________________________________________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. «ԱՐՎԵՍՏԱՍԵՐ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԲԼՈԳ-ԿԱՅՔԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Արվեստասեր» բլոգ-կայքում տեղադրվող բոլոր հրապարակումները պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը «Arvestaser.wordpress.com»-ին պարտադիր է: Հեղինակային ստեղծագործությունների և այլ նյութերի մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց «Arvestaser.wordpress.com»-ին հղման արգելվում է:

© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2017: