Արվեստասեր

Home » Մանկական աշխատանքներ

Category Archives: Մանկական աշխատանքներ

Տաթև Համբարձումյանի գունագեղ աշխարհը

«Արվեստասեր» բլոգ-կայքի սիրելի այցելուներ, արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել հայ շնորհալի երեխաների աշխատանքները Ձեզ ներկայացնելը, երեխաներ, որոնք իրենց ուրույն ներաշխարհով և տաղանդով արժանի են ամենայն ուշադրության: Մեր կայքն իր համեստ նպաստն է բերում այդպիսի շնորհալի երեխաների տաղանդի հանրահռչակման հարցում, որպեսզի իրենց աշխատանքներով հիանան ոչ միայն ծնողներն ու հարազատները, այլև բոլոր արվեստասեր մարդիկ: Ավելին, մեզ համար պատվաբեր է, որ այդ երեխաների աշխատանքների պաշտոնական, փաստացի՝ առաջին լուրջ ներկայացումը հանրությանը արվում է հենց «Արվեստասեր» կայքի միջոցով: 

Սիրով Ձեզ ենք ներկայացնում 8-ամյա Տաթև Համբարձումյանին: Նա սովորում է դպրոցի երկրորդ դասարանում և, ինչպես բոլոր իր հասակակիցները, ստանում է գիտելիքներ, պարտաճանաչ կերպով պատրաստում է դասերը, լավ է սովորում, իսկ ազատ ժամանակ սիրում է խաղալ: Սակայն Տաթևը իր շատ հասակակիցներից առանձնանում է նկարչական իր ուրույն ձիրքով, հենց նկարչությունն է այն տարերքը, որտեղ նա բացահայտվում է իր մանկական հարուստ ներաշխարհի ամբողջ ներկապնակով: Տաթևի աբստրակտ գունանկարներն ու գծապատկերները վկայում են տալիս նրա վառ երևակայության մասին: Նուրբ գունազգացողությունը նրան հնարավորություն է տալիս գույների հետ այնպիսի հետաքրքիր ձեռնածություններ անել, որոնք իր նկարները դարձնում են յուրատիպ ու աչքի ընկնող: Տաթևի երևակայական աշխարհում ամեն բան բարի է ու գունագեղ, զվարթ ու կախարդական: Նրա երազանքներից մեկը, օրինակ, վարդագույն բաշով սպիտակ միաեղջյուր ունենալն է, դյութագեղ ու կախարդական հեքիաթների առասպելական մի արարած, որի ինքնատիպ կերպարը զարդարում է Տաթևի հեքիաթային աշխարհը: Ու թեև փոքրիկ աղջիկը երազում է ապագայում երգչուհի ու պարուհի դառնալ, սակայն նրա նկարչական ձիրքը հուշում է, որ ինչպիսի արվեստագետ էլ նա դառնա՝ ունենալու է զգայական հարուստ աշխարհ և ասելիք՝ աշխարհին: Որպես ասվածի ապացույց՝ Տաթևը, նկարելուց բացի, սիրում է նաև երգել, պարել, հաճախել թատրոն, ճանապարհորդել ու գնալ էքսկուրսիաների: Այս ամենն իրենց ուրույն արտացոլումն են գտնում Տաթևի նկարներում: Հավելենք, որ նա նաև գիտահանրամատչելի ֆիլմերի ու հաղորդումների սիրահար է, իսկ դրանցում տեսած կենդանիներին, բնության ու տիեզերքի պատկերները նա սիրով ու խնամքով հանձնում է թղթին: 

«Արվեստասեր» կայքը հաճույքով ներկայացնում է Տաթևի նկարների հատընտիր շարք և մաղթում, որպեսզի նրա մտքի թռիչքը տանի նրան դեպի մեծ հորիզոններ, որպեսզի նա միշտ հաջողի և անպայման իրականանան նրա բոլոր նվիրական երազանքները: Թող նրա անմեղ ու խորունկ աչուկները շարունակեն տեսնել գեղեցիկը, իսկ ստեղծագործ, ազատ միտքը շարունակի արարել: Այս տաղանդավոր աղջկա նկարներն ուղղակի զարդարում են մեր կայքի մանկական բաժինը: Վայելեք դրանք ստորև ներկայացվող պատկերասրահում:

Առլեն Շահվերդյան

Մենք տարբեր ենք, բայց ընկերներ ենք

«Արվեստասեր» կայքի սիրելի ընթերցողներ, մենք արդեն առիթ ունեցել ենք Ձեզ ներկայացնելու փոքրիկ Անի Պողոսյանի աշխատանքներից մեկը, որը նա նվիրել էր իր սիրելի Մայրիկին՝ Կանանց միջազգային օրվա առիթով: Ահա Անիի հերթական նկարը, որը նույնպես տեղ է գտել մեր կայքում: Վիրավոր աղավնու պատկերող այս նկարով Անին մասնակցելու է «Մենք տարբեր ենք, բայց ընկերներ ենք» խորագրով նկարչական մրցույթի, որը վեր է հանում ֆիզիկական թերություններ ունեցող երեխաների խնդիրները: Անին այդ խնդիրը պատկերել է վիրավոր աղավնու տեսքով, որը, սակայն, անպայման ապաքինվելու է: «Արվեստասեր» կայքը փոքրիկ նկարչուհուն մաղթում եմ հաջողություն՝ մրցույթում և, իհարկե, նոր աշխատանքներ:

9-ամյա Անիի բանաստեղծությունը՝ նվիրված Մայրիկին

«Արվեստասեր» բլոգ-կայքի սիրելի ընթերցողներ, այսօր մարտի 8-ն է՝ Կանանց միջազգային օրը: Գարնանային այս գեղեցիկ տոնը ոգեշնչում է բոլորին՝ շնորհավորելու սիրելի Մայրիկներին, Քույրիկներին, Տատիկներին, ընդհանրապես՝ բոլոր Կանանց և Աղջիկներին: Շատ-շատ երեխաներ այսօր ուրույն և անակնկալ ձևով են շնորհավորում իրենց Մայրիկներին: Ահա, օրինակ, 9-ամյա Անի Բենիամինի Պողոսյանը մի գեղեցիկ շնորհավորական բացիկ է ձևավորել, որում իր կողմից գրված բանաստեղծությունն է՝ նվիրված սիրելի Մայրիկին: Աղջնակի անկեղծ ու սրտաբուխ տողերը Մոր նկատմամբ անհուն սիրո գեղեցիկ արտահայտություն են: «Արվեստասեր» բլոգ-կայքը սիրով միանում է շնորհալի Անիին և ջերմորեն շնորհավորում բոլոր Մայրիկներին՝ մաղթելով առողջություն, երջանկություն և երկար տարիների կյանք:

Բազմաշնորհ Վոլոդյա Ղազարյանը

Photo 01

«Արվեստասեր» ստեղծագործական կայքը սիրով ներկայացնում է Վոլոդյա Կարենի Ղազարյանի նկարները: Վոլոդյան ծնվել է 2008 թվականի նոյեմբերի 25-ին Երևանում: Սովորում է Նոր Նորքի Ա. Միկոյանի անվ. հմ. 166 միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանում: Իր էությամբ ընկերասեր է, բարի, ակտիվ ու աշխույժ, իսկ ումսան մեջ՝ առաջատար:
Վոլոդյան սիրում է նկարել և իր նկարներում յուրատիպ կերպով արտացոլում է իրեն տպավորված մտապատկերները, տեսարանները, կենդանական աշխարհը, հեքիաթների հերոսներին: Փոքրիկ նկարչի աշխատանքներում նկատելի են ուրույն գունազգացողությունը, գույների համադրության ընկալումը, գծապատկերների ճշգրիտ արտացոլումը և պլաստիկան: Նա նկարում է գունավոր մատիտներով, յուղամատիտներով (մոմամատիտ, պաստել), ջրաներկերով: Վոլոդյայի հերոսներն արտահայտիչ են, կենդանի ու, ասես, շարժվում են: Այդ հերոսներին նա պատկերում է ստվարաթղթին, ալբոմներում, հաճախ նաև ինքը նկարազարդում է տնային աշխատանքի էջը դպրոցական տետրում:
Բացի նկարչությունից, դասերից ազատ ժամանակ Վոլոդյան նաև շատ է սիրում կարդալ, պարել, վարել իր սիրելի հեծանիվը և դիտել մուլտֆիլմեր, որոնց հերոսներից շատերը, ի դեպ, հետո իրենց արտացոլումն են գտնում նրա նկարներում: Հետաքրքրությունների շրջանակում առանձին տեղ են գրավում կենդանիներն ու կենդանիների մասին հաղորդումները: Վոլոդյան վայրի բնության ներկայացուցիչներին պատկերում է ամենայն խնամքով, փորձելով ցույց տալ նրանցից յուրաքանչյուրի յուրատիպությունը:
Հատկանշական է, որ Վոլոդյան բազմաթիվ այլ նախասիրություններ էլ ունի, նա լրջորեն զբաղվում է կարատեով, շախմատով, լողով, իսկ ահա ֆուտբոլը մի առանձնակի տեղ ու նշանակություն ունի նրա համար:
«Արվեստասեր» ստեղծագործական կայքը մաղթում է Վոլոդյային հաջողություններ կյանքում և ստեղծագործական վերելքներ, որպեսզի նրա նկարչական ձիրքը անպայման զարգանա, և մի օր հանրությանը ներկայանա իր հասուն ու նույնքան անկեղծ, գունագեղ ու կենդանի աշխատանքներով:

ՎՈԼՈԴՅԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՐՆԵՐԸ